ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ի՞նչ անել ամանորյա թունավորումներից խուսափելու համար

Ի՞նչ անել ամանորյա թունավորումներից խուսափելու համար
30.12.2013 | 13:40

Եվս երկու օր, և հայկական ավանդույթի համաձայն, մեր սեղանները կծփան բազմազան ուտելիքներով ու աղցաններով: Այն, որ կծփան, հրաշալի է, բայց այն, որ այդ ՙճոխությունը՚ շատ հաճախ մեր առողջությանն է վնասում, տխուր է: Շատ մարդիկ իրենց ամանորյա սեղանները (ուտեստները) չեն հավաքում գիշերը, թողնում են սեղանին, ինչն էլ, փաստորեն, խիստ վտանգավոր ու վնասակար հետևանքների առաջ է կանգնեցնում այն ուտողին:

Ամեն տարի առողջապահության նախարարությունն Ամանորից առաջ հանդես է գալիս գրեթե նույն հայտարարությամբ` նախազգուշացնելով ամանորյա հնարավոր թունավորումների մասին (որոնց դեպքերը, ի դեպ, քիչ չեն): Այսպես, ԱՆ-ը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս հետևել ստորև նշված կանոններին.

1. սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին,

2. աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ,

3. զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում նախապես դրանք եռացնել 20-25 րոպե,

4. սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,

5. սնունդ պատրաստելիս համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում սննդամթերքը չօգտագործել:

Ինչ վերաբերում է աղցաններին, ապա առողջապահության ջատագովները խորհուրդ են տալիս այն պատրաստել քիչ քանակությամբ: Խուսափել հատկապես ձվով աղցաններից, իսկ պատրաստելուց հետո պահել մեկ-երկու օրից ոչ ավելի: Հարկ է նշել, որ պատրաստի սննդամթերքը սառնարանում հարկավոր է պահել 72 ժամից ոչ ավելի: Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը, չգնել ու սննդի մեջ չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Երեխաներին և հղի կանանց պարզապես հակացուցված է օգտագործել տան պայմաններում պատրաստված պահածոներ, առավել ևս՝ սունկ:

Մասնագետների պնդմամբ, անհամատեղելի են ալկոհոլի հետ ձուկը, կաթնամթերքը, այդ թվում` պանիրը: Հարկավոր է խուսափել նաև մրգերի հետ թթու, լոլիկ կամ մրգի հետ միաժամանկ միս, ընկույզ և պանիր ուտելը:

Այս խորհուրդները շատերի համար նորություն չեն, բայց շատ հաճախ, սրանց չհետևելը, հանգեցնում է ծանր հետևանքների:

Ամեն դեպքում, չի խանգարում զգուշանալ և տոնական օրերին թունավորումներից խուսափելու համար սնունդ ընդունելիս լինել ավելի զգոն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ